Ես ժպտում եմ, բայց միևնույն է, տխուր եմ...


Գիտե՞ս՝ ինչու եմ տխուր: Տխուր եմ, որովհետև դու ու մյուսներն եք տխուր: Տխուր եմ, որովհետև սա չէր այն կյանքը, որ մենք պատկերացնում էինք: Սա նույնիսկ չէր կարող այն ֆիլմի անոնսը լինել, որը մենք ծրագրել էինք նկարահանել: Չգիտե՞մ՝ մենք ենք վատ ռեժիսորներ, թե՞ հմուտ դերասաններ ու օպերատորներ չկան մեր ֆիլմում հավուր պատշաճի խաղալու ու նկարահանումներն իրականացնելու համար: Իսկ միգուցե նկարահանման հրապարա՞կն է սխալ ընտրված: Կարծում եմ՝ ամեն տեղ էլ նույնն է. մի տեղ մի ծառ պակաս, մի տեղ մի ծառ ավելի. միթե՞ բան կփոխվի: 
Ակամայից թվում է, թե նույնն է ամեն ինչ, բայց շատ բան է փոխվել... Փոխվել եմ ես, փոխվել ես դու, փոխվել են նրանք: Ոչ թե մեր մարդ տեսակն է փոխվել, այլ՝ մեր աշխարհայացքը, որ զգացմունքին ու բանականությանն անվերջ մենամարտի է հրավիրում: Մենք էլի նույնն ենք մնացել: