Իմ Աստվածը


Ողջու՜յն, սիրելի՛ բարեկամ:
Ամենևին պատահական չէ, որ ողջույնից հետո առաջին նյութս հենց իմ և Աստծո կապի մասին է: Գիտե՞ս՝ ես մեծ հավատացյալ եմ: Օ՜, ոչ, հանկարծ չմտածես, թե ես աղանդավոր եմ: Ամենևին, ես հավատում եմ Աստծուն իմ մեջ, հայ քրիստոնյա եմ ու հաճախում եմ հայ առաքելական եկեղեցի: Ինչևէ, ուզում եմ ասել, որ այս աշխարհում ես միայն նրա հետ եմ կարողանում մտքերս կիսել, առանձնանալ ու զրուցել, որովհետև նա է իմ կյանքի, ապրումների ու զգացումների միակ վկան: Նա ամենուր ինձ հետ է. երբեք ինձ մենակ չի թողնում: Ես երբեք չեմ դադարում աղոթել նրան իմ ունեցածի և ... չունեցածի համար: Իմ կյանքի ամենադժվարին պահերին միշտ նա է ինձ օգնել վեր բարձրանալ և շարունակում է օգնել: Ուզում եմ, որ դու էլ հավատաս նրան, լսես նրա խոսքը, քանի որ քեզ էլ միայն նա կարող է օգնել: Արի միասին աղոթենք հենց այս պահին.

Իմ ողջույնը


Ողջու՜յն, սիրելի՛ բարեկամ: 
Գիտե՞ս, երկար էի մտածել անձնական բլոգ ստեղծելու մասին, ունենալու սեփական տարածք, որտեղ կկարողանամ կիսվել քեզ հետ, պատմել իմ հույզերի ու զգացումների մասին, մի փոքր թեթևանալ ու, ինչու՞ չէ, նաև քո խորհուրդը լսել: Կարծում եմ դա կօգնի ինձ հաղթահարելու հոգուս դատարկությունը, փոփոխություն մտցնել իմ կյանքում: Հուսով եմ՝ կընկերակցես և կդառնաս իմ զգացումների ու ապրումների ուղղակի վկաներից մեկը: Հա, քիչ էր մնում մոռանայի: Ուզում եմ զգուշացնել, որ ես շատ զգացմունքային մարդ եմ ու մի քիչ խելառ: Մի օր ինձ կարող ես ուրախ տեսնել, իսկ մի օր՝ տխուր: Թերևս սկզբի համար այսքանը, չեմ ուզում քեզ շատ ծանրաբեռնել, իսկ ընթացքում, հուսով եմ, կկարողանաս բացահայտել ինձ քեզ համար: Մի խոսքով՝ շնորհակալություն, որ ինձ հետ ես ու հիմա կարդում ես այս տողերը: