Показаны сообщения с ярлыком Գլխավոր. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Գլխավոր. Показать все сообщения

Ոչ ոք չի ասել, որ ամեն բան հեշտ է լինելու

Երկրի երեսին նվազագույնը 2 մարդ կա, որոնց համար կյանքդ կտաս։
Նվազագույնը 13 մարդ քեզ համակրում է։
Միակ բանը, որի պատճառով որևէ մեկը քեզ չի սիրում, այն է, որ նա ուզում է քեզ նման լինել։
Քո ժպիտը կարող է երջանկացնել նույնիսկ նրանց, ովքեր քեզ չեն սիրում։
Ամեն գիշեր ինչ-որ մեկը քնելուց առաջ քո մասին է մտածում։
Ինչ-որ մեկի համար դու կարևոր նշանակություն ունես։

30 սովորություններ, որոնցից անհրաժեշտ է հրաժարվել

1. Համբերատար տանել այն, ինչը քեզ դուր չի գալիս:
2. Շփվել մարդկանց հետ, ովքեր սպանում են ձեր ինքնագնահատականը:
3. Մտածել այն մասին, թե ինչ կասեն ուրիշները:
4. Փորձել ամեն ինչ վերահսկողության տակ պահել:
5. Գնալ ուղիղ հունով և ընտրել ամենաքիչ մրցակցային ուղին:
6. Սեփական մտքերն ու զգացմունքները քո ներսում պահել:
7. Վախենալ ռիսկի դիմելուց:
8. Մտածել միայն ուրիշների մասին, այլ ոչ թե՝ քո:
9. Փորձել բոլորին դուր գալ:
10. Մոռանալ ծնողների ու մտերիմների մասին:

Մենք վախենում ենք նույնիսկ...վախենալուց...

Մենք միշտ վախենում ենք... Վախենում ենք նույնիսկ այն ամենից, ինչից ամենևին պետք չէ վախենալ: Վախենում ենք սիրելուց ու չսիրվելուց: Վախենում ենք խոսելուց, որ լռենք և խոսենք միայն այն ժամանակ, երբ խոսելը լռելուց ավելի կարևոր կլինի: Վախենում ենք լռելուց, որ ժամանակին կարողանանք լռել կամ որ լռելով հանկարծ չուշանանք: Վախենում ենք սխալվելուց, որ չստենք, բայց և ճիշտն էլ դեմքին չասենք ու մեզ վանենք: Վախենում ենք վայր ընկնելուց ու վախենում՝ բարձրանալուց: Վախենում ենք մթությունից, ինչպես նաև՝ պայծառ լույսից: Վախենում ենք հեռավորությունից ու նաև՝ շատ մոտ գտնվելուց: Նույնքան վախենում ենք խելացի գտնվելուց, որքան որ տգետ երևալուց: Վախենում ենք կարոտից, վախենում ենք ատելուց:

Ես ժպտում եմ, բայց միևնույն է, տխուր եմ...


Գիտե՞ս՝ ինչու եմ տխուր: Տխուր եմ, որովհետև դու ու մյուսներն եք տխուր: Տխուր եմ, որովհետև սա չէր այն կյանքը, որ մենք պատկերացնում էինք: Սա նույնիսկ չէր կարող այն ֆիլմի անոնսը լինել, որը մենք ծրագրել էինք նկարահանել: Չգիտե՞մ՝ մենք ենք վատ ռեժիսորներ, թե՞ հմուտ դերասաններ ու օպերատորներ չկան մեր ֆիլմում հավուր պատշաճի խաղալու ու նկարահանումներն իրականացնելու համար: Իսկ միգուցե նկարահանման հրապարա՞կն է սխալ ընտրված: Կարծում եմ՝ ամեն տեղ էլ նույնն է. մի տեղ մի ծառ պակաս, մի տեղ մի ծառ ավելի. միթե՞ բան կփոխվի: 
Ակամայից թվում է, թե նույնն է ամեն ինչ, բայց շատ բան է փոխվել... Փոխվել եմ ես, փոխվել ես դու, փոխվել են նրանք: Ոչ թե մեր մարդ տեսակն է փոխվել, այլ՝ մեր աշխարհայացքը, որ զգացմունքին ու բանականությանն անվերջ մենամարտի է հրավիրում: Մենք էլի նույնն ենք մնացել: 

Իմ ամանորյա մաղթանքը

Ողջու՜յն, բարեկամս,

Եվ ահա կրկին դեկտեմբերի 31-ն է՝ տարվա վերջին օրը: Սովորաբար այդ օրը մենք ամփոփում ենք տարին, վերլուծում և գնահատում նախորդ տարվա մեր գործողությունները, ձեռքբերումներն ու նվաճումները: Ես ևս անմասն չմնալով այդ ամենից՝ այսօր որոշեցի կիսվել քեզ հետ: 
Անցնող տարին ինձ համար նշանավորվեց նոր ու իսկական ընկերների և գիտելիքների նոր պաշարների ձեռքբերումներով, ինչի համար շնորհակալ եմ Աստծուն: Ընկերներս իմ իրական երջանկության անբաժանելի մասն են: Հուսամ՝ գալիք տարում նրանց թիվը կավելանա:
Չեմ ուզում կրկնել ավանդական շնորհավորանքները, միայն ուզում եմ իրական ուրախություն ցանկանալ ինձ, քեզ ու բոլորին, որ այդ երջանկությունն արտացոլվի ոչ թե մեր դեմքին՝ ժպիտի տեսքով, այլ բխի հոգուց և արտացոլվի մեր աչքերում:
Հաճելի տոնական օրեր և ամանորյա բարձր տրամադրություն բոլորիս:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Խոսել, թե՞ լռել: Այնուամենայնիվ՝ խոսել...


Հասարակության մեջ կա այն մտայնությունը, թե իբր որքան շատ են խոսում ու գրում սեռական կյանքի մասին, այնքան հաճախանում են այլասեռությունները: Այստեղից էլ ոչ ճիշտ հետևությունը, թե "Եկենք ԴՐԱ մասին չխոսենք. չէ՞ որ մեր նախնիներն ապրել են առանց ԴՐԱ մասին խոսելու և լավ էլ ապրել են": Թվում է, որ այն ամենը, ինչն անմիջականորեն մեզ չի վերաբերում, շատ հեռու է մեզանից: Եվ երիտասարդներից շատերը, առանց երկար-բարակ խորհելու, երբեմն թեթևամտորեն պատահական կապերի մեջ են մտնում՝ չմտածելով հետևանքների մասին:  
Սեռական ոլորտն անմիջականորեն առնչվում է սերնդարարման հետ և կարևորագույն դեր է խաղում մարդու կյանքում, իսկ անգիտության կամ կեղծ բարեպաշտության հետևանքով առաջացած սեռական կյանքի աններդաշնակությունը, սեռական խանգարումներն ու հիվանդությունները շարունակում են մնալ անձնական շատ ողբերգությունների պատճառ:

Երջանիկ ապրելու գաղտնիքները

Եղի՛ր առողջ: Մտածի՛ր ազատորեն: Հաճա՛խ ժպտա: Ասա՛ մտերիմներիդ, որ սիրում ես նրանց: Հիշի՛ր հին բարեկամներիդ: Գտի՛ր նորերին: Հույսո՛վ լցվիր: Սրտա՛նց ծիծաղիր: Զիջո՛ղ եղիր: Ծաղիկնե՛ր հավաքիր և բաժանիր քեզ շրջապատողներին: Կատարի՛ր խոստումներդ: Մտի՛ր որևէ մեկի հոգու մեջ: Քո հոգում էլ տեղ տուր մեկին: Երեխա՛ գրկիր: Մի պահ կա՛նգ առ: Դիմավորի՛ր արևածագը: Լսի՛ր, թե ինչպես է մաղում անձրևը: Վստահի՛ր կյանքին: Հավատա՛: Հավատո՛վ ապրիր: Բավականությու՛ն ստացիր: Սովորի՛ր սխալներիդ վրա: Ընկալի՛ր մեսրոպատառ առաջին բառերի իմաստը՝ <<Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ>>: Ուրախացի՛ր կյանքով: Կյանքո՛վ ապրիր:

Գտի՛ր խավարում քո ԵՍ-ի լույսը

Բարև, բարեկա՛մ: Ինչպե՞ս ես: Ես լավ եմ, շնորհակալություն: Հիմա կհարցնես՝ այդ ու՞ր էիր կորել: Գիտե՞ս՝ որոշել էի առանձնանալ, ապրել առանց վիրտուալ աշխարհի, մնալ ինքս ինձ հետ, խորհել ու խոկալ: Երբեմն դա էլ է պետք: Բոլորիս կյանքում էլ լինում են պահել, երբ ցանկանում ես մնալ ինքդ քո հետ, ճեպազրույց կազմակերպել քո ու քո ԵՍ-ի հետ, վերլուծել, տալ ու ստանալ անհրաժեշտ հարցերի պատասխանները... Ինչևէ, եթե քեզ ինչ-որ բան խանգարում է, խորհուրդ կտամ՝ դու էլ հետևես իմ օրինակին: Հավատա՝ օգնում է: Հերթական վերլուծությունից հետո ես մնացի իմ նույն համոզմունքին, որ լույսի մեջ կարող է հայտնվել միայն նա, ով խավարում կարողանում է նկատել հազիվ նշմարվող լույսը: Հավատա՛ աստծուն, վստահի՛ր ուժերիդ, որովհետև դու ես քո կյանքը կերտողը: Դու ընկնելու իրավունք պարզապես չունես: Եթե ընկնես, կողքովդ անտարբեր անցնողները հաստատ ավելի շատ կլինեն, քան քեզ վեր բարձրանալու հարցում օգնողները: Եվ միշտ հիշի՛ր՝ ոչ ոք քեզանից լավ քեզ օգնել չի կարող: Դու ես քո կյանքի ամենամեծ հոգեբանը: Ժպտա՛ ու այդ ժպիտով փորձիր պայքարել կյանքի փորձությունների դեմ: Դու ուժեղ ես, դու հզոր ես: Կյանքով ապրիր, որտեղ այնքա՜ն շատ լույս կա: Փորձիր գտնել խավարում քո բաժին լույսը:

Իմ Աստվածը


Ողջու՜յն, սիրելի՛ բարեկամ:
Ամենևին պատահական չէ, որ ողջույնից հետո առաջին նյութս հենց իմ և Աստծո կապի մասին է: Գիտե՞ս՝ ես մեծ հավատացյալ եմ: Օ՜, ոչ, հանկարծ չմտածես, թե ես աղանդավոր եմ: Ամենևին, ես հավատում եմ Աստծուն իմ մեջ, հայ քրիստոնյա եմ ու հաճախում եմ հայ առաքելական եկեղեցի: Ինչևէ, ուզում եմ ասել, որ այս աշխարհում ես միայն նրա հետ եմ կարողանում մտքերս կիսել, առանձնանալ ու զրուցել, որովհետև նա է իմ կյանքի, ապրումների ու զգացումների միակ վկան: Նա ամենուր ինձ հետ է. երբեք ինձ մենակ չի թողնում: Ես երբեք չեմ դադարում աղոթել նրան իմ ունեցածի և ... չունեցածի համար: Իմ կյանքի ամենադժվարին պահերին միշտ նա է ինձ օգնել վեր բարձրանալ և շարունակում է օգնել: Ուզում եմ, որ դու էլ հավատաս նրան, լսես նրա խոսքը, քանի որ քեզ էլ միայն նա կարող է օգնել: Արի միասին աղոթենք հենց այս պահին.

Իմ ողջույնը


Ողջու՜յն, սիրելի՛ բարեկամ: 
Գիտե՞ս, երկար էի մտածել անձնական բլոգ ստեղծելու մասին, ունենալու սեփական տարածք, որտեղ կկարողանամ կիսվել քեզ հետ, պատմել իմ հույզերի ու զգացումների մասին, մի փոքր թեթևանալ ու, ինչու՞ չէ, նաև քո խորհուրդը լսել: Կարծում եմ դա կօգնի ինձ հաղթահարելու հոգուս դատարկությունը, փոփոխություն մտցնել իմ կյանքում: Հուսով եմ՝ կընկերակցես և կդառնաս իմ զգացումների ու ապրումների ուղղակի վկաներից մեկը: Հա, քիչ էր մնում մոռանայի: Ուզում եմ զգուշացնել, որ ես շատ զգացմունքային մարդ եմ ու մի քիչ խելառ: Մի օր ինձ կարող ես ուրախ տեսնել, իսկ մի օր՝ տխուր: Թերևս սկզբի համար այսքանը, չեմ ուզում քեզ շատ ծանրաբեռնել, իսկ ընթացքում, հուսով եմ, կկարողանաս բացահայտել ինձ քեզ համար: Մի խոսքով՝ շնորհակալություն, որ ինձ հետ ես ու հիմա կարդում ես այս տողերը: