Խոսել, թե՞ լռել: Այնուամենայնիվ՝ խոսել...


Հասարակության մեջ կա այն մտայնությունը, թե իբր որքան շատ են խոսում ու գրում սեռական կյանքի մասին, այնքան հաճախանում են այլասեռությունները: Այստեղից էլ ոչ ճիշտ հետևությունը, թե "Եկենք ԴՐԱ մասին չխոսենք. չէ՞ որ մեր նախնիներն ապրել են առանց ԴՐԱ մասին խոսելու և լավ էլ ապրել են": Թվում է, որ այն ամենը, ինչն անմիջականորեն մեզ չի վերաբերում, շատ հեռու է մեզանից: Եվ երիտասարդներից շատերը, առանց երկար-բարակ խորհելու, երբեմն թեթևամտորեն պատահական կապերի մեջ են մտնում՝ չմտածելով հետևանքների մասին:  
Սեռական ոլորտն անմիջականորեն առնչվում է սերնդարարման հետ և կարևորագույն դեր է խաղում մարդու կյանքում, իսկ անգիտության կամ կեղծ բարեպաշտության հետևանքով առաջացած սեռական կյանքի աններդաշնակությունը, սեռական խանգարումներն ու հիվանդությունները շարունակում են մնալ անձնական շատ ողբերգությունների պատճառ:
Իրավիճակի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մեզանում շատացել է այն երիտասարդ աղջիկները, որոնք հղիանում և ծննդաբերում են վաղ տարիքում կամ էլ դիմում են աբորտի: Ի դեպ, հայտնի է, որ վաղ տարիքում տեղի ունեցող ծննդաբերությունների ժամանակ մեծ է բարդությունների վտանգը, մոտ 2-5 անգամ մեծ է մայրական մահացությունը: Իսկ աբորտի բարդությունները կարող են երկրորդային անպտղության պատճառ դառնալ: Դեռահասների և երիտասարդության շրջանում բարձր է նաև սեռավարակների, հատկապես ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի վտանգը: Հաճախ էլ՝ սեռավարակ ունեցող երիտասարդները անիրազեկության, ամոթխածության, անվճարունակության կամ այլ պատճառներով չեն դիմում բժշկի և չեն ստանում անհրաժեշտ խորհրդատվություն ու բուժում՝ վտանգելով ոչ միայն իրենց, այլ նաև ուրիշների առողջությունն ու կյանքը: Այս ամենը խոսում է սեռական առողջության պահպանման վերաբերյալ տարրական գիտելիքների պակասի և առողջապահական ծառայությունների անմատչելիության մասին: 
Եվ ահա այս խնդիրներով մտահոգված՝ Ես եմ... բլոգը այսուհետ ձեզ կներկայացնի տեղեկատվություն սեռական և վերարտադրողական առողջության վերաբերյալ, ինչպես նաև կյանքի պատմություններ, որոնց քննարկմանը ձեր ակտիվ մասնակցությունն է ակնկալվում: Շնորհակալություն: 

Комментариев нет:

Отправить комментарий