Այդ ամենի մասին հետո...


Ես նրան հանդիպեցի ընկերուհիներիցս մեկի տանը, որը նշում էր իր ծննդյան տարեդարձը: Հենց առաջին իսկ պահից նա ինձ դուր եկավ՝ բարձրահասակ, սև աչքունքով, գեղեցիկ կեցվածքով, մի խոսքով՝ այնպիսին, որին երազել եմ: Երևի ես էլ նրան հաճելի թվացի, քանի որ առաջինն ինձ հրավիրեց պարի: Երբ մենք նվագի հնչյունների տակ միմյանց հպված մեղմօրոր շարժվում էինք, ինչ-որ մի անծանոթ ջերմություն համակեց ինձ, և ես ուզում էի, որ նվագը չդադարի...
Մեկ շաբաթ անց ես դարձյալ հրավիրված էի ընկերական մի հավաքույթի, և, օ՜ զարմանք, այնտեղ էր նաև իմ ասպետը: Եվս մի զուգապար, և նա ինձ ժամադրեց: Ես համաձայնեցի: Մեր հանդիպումը կայացավ հենց երեկույթից հետո: Առաջին համբույրները, և ես թևեր առած տուն հասա: Իհարկե մայրիկիս ոչինչ չասացի. նա խստաբարո կին է, և եթե անգամ չաղմկեր, չհանդիմաներ, հազիվ թե հավանություն տար իմ քայլին: Իսկ ես անհամբեր սպասում էի հաջորդ հանդիպմանը, որի տեղն ու ժամն արդեն որոշված էր:
Այս անգամ համբույրներին հաջորդեցին ջերմ գրկախառնությունները: Ես ինձ հաշիվ չէի տալիս, թե ինչ եմ անում, քանի որ ինձ հաճելի էր սիրած տղայի հետ լինելը: Եվս մեկ հանդիպում, և ես տեղի տվեցի, գնացի մի քայլի, որն ինձ համար ճակատագրական եղավ...
Ես կանգնեցի փաստի առաջ, իսկ նա ինձ առաջարկեց ազատվել երեխայից՝ պատճառաբանելով, թե մեզ երկուսիս համար առայժմ երեխան խանգարող հանգամանք կլինի, երկուսիս առաջ էլ կյանքի ասպարեզ դուրս գալու ուսանողական տարիներ կան: Նա ինձ համոզեց՝ խնդրելով նաև առայժմմայրիկիս ոչինչ չասել: Իսկ երբ ամեն ինչ վերջացավ, ես սոսկալի ցավ ապրեցի իմ կորցրած մանկիկի և փշրված սիրո համար... Իսկ հետո ես նկատեցի սառնություն նրա կողմից, որը գնալով խորացավ ու մի օր էլ վերջնականապես կտրվեց: Ինչու՞ այդպես եղավ: Երևի այն պատճառով, որ ես ոչինչ չգիտեի կյանքի գիտության մասին, քանզի դաստիարակվում էի խստաբարո մի ընտանիքում, որտեղ գերիշխում էր "այդ ամենի մասին հետո" տեսակետը, և ես՝ արդեն ֆիզիոլոգիապես ձևավորված աղջիկս, շատ բան չգիտեի իմ մարմնի մասին և ղեկավարվում էի միայն զգացմունքներով, որոնք ինձ շատ հեռուն տարան: Ու հիմա չգիտեմ՝ ի՞նչ անել...
Հ.Գ.-ներկայացված պատմությունն իրական է՝ ուղարկված 18 տարեկան աղջնակի կողմից:

Комментариев нет:

Отправить комментарий